воскресенье, 11 апреля 2010 г.

Ապրիլի 17-18-ին կօծվի Գերմանիայի Հալլէ քաղաքի «Սուրբ Յարութիւն» հայկական եկեղեցին


Թեեւ հայկական հետքերը Գերմանիայում շատ հին են եւ հասնում են մինչեւ մեր թվարկության սկիզբը, իսկ պատմության ընթացքում հայեր միշտ էլ ապրել եւ գործել են ներկայիս Գերմանիայի տարածքում, այնուհանդերձ այսօրվա գերմանահայ համայնքը համեմատաբար նոր է եւ կազմավորվել է վերջին հիսուն տարիների ընթացքում:

Այսօր Գերմանիայում ապրում է շուրջ 60.000 հայ: Գործում են հայկական հոգեւոր ու աշխարհիկ-մշակութային շուրջ 40 միություններ, որոնք հայապահպանման ու հայակերտման հարցը իրենց կարեւորագույն նպատակներից են համարում:

Այս զանազան միությունների ու համայնքների մեջ առանձնանում է Սաքսոնիա-Անհալտ երկրամասի հայկական համայնքը` կենտրոն ունենալով Հալլե-Զաալե քաղաքը: Համայնքը, որ բաղկացած է նախկին հայաստանցիներից, կազմավորվել է շուրջ 10-12 տարի առաջ: Ունի շուրջ 60 ընտանիք, որոնք համեմատաբար երիտասարդ ընտանիքներ են, որի շնորհիվ էլ քիչ չէ թիվը երիտասարդների եւ երեխաների:

2006 թվականի վերջին հայ համայնքը եզակի առիթ ունեցավ ձեռք բերելու մի փոքրիկ եկեղեցի` հարակից երկհարկանի մի շինությամբ, որն այսօր ծառայում է որպես երիցատուն եւ համայնքային կենտրոն: Եկեղեցին նախկինում պատկանել է գերմանական կաթոլիկ համայնքին, որը սակայն մի քանի տարի առաջ նոր եկեղեցի է կառուցել եւ այս եկեղեցին առաջարկել հայերին: Տեղի հայ համայնքն էլ սեփական ուժերով եւ Գերմանահայոց Առաջնորդարանի նյութական ու բարոյական աջակցությամբ գնել է եկեղեցին: Վերջին երկու տարիների ընթացքում կատարվել են ծավալուն վերականգնողական աշխատանքներ: Փոքրաթիվ հայ համայնքը արել է հնարավոր ամեն բան եկեղեցուն նոր` հայկական, շունչ փոխանցելու համար:

Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո համայնքի մեծամասնության հավանությամբ եկեղեցին որոշվել է վերանվանել «Սուրբ Յարութիւն»: Եկեղեցու համար պատվիրվեցին մի շարք սրբապատկերներ, որոնց մի մասը պատրաստվեց Հայաստանում, մի մասն էլ տեղում` հայ արվեստագետների կողմից: Իրենց շքեղությամբ հատկապես աչքի են ընկնում Ս. Գրիգոր Լուսավորչի, Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների սրբապատկերները:

Հալլեի «Սուրբ Յարութիւն» եկեղեցու օծումը եւ հանդիսավոր բացումը տեղի կունենա 2010 թվականի ապրիլի 17 եւ 18-ին` ձեռամբ Գերմանիայի Թեմի Առաջնորդ Տ. Գարեգին Արքեպս. Բեքչյանի եւ մասնակցությամբ Երեւանի Պետական Համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպս. Ժամկոչյանի, որը նախկինում եղել է այս համայնքի հոգեւոր հովիվը:

Ըստ Հայ Եկեղեցու կարգ ու կանոնի, Օծման արարողությունը կսկսվի ապրիլի 17-ի երեկոյան: Խորանը նախ կլվացվի եւ կմաքրվի ջրով ու գինով, որից հետո թե խորանը եւ թե եկեղեցու սյուները կօծվեն Սրբալույս Մյուռոնով:

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ նահանգի հայ համայնքի վարչության ատենապետ Հարություն Մանուկյանը եկեղեցու ձեռքբերման համար շնորհակալ է թե Առաջնորդարանին եւ թե Հալլեի ու շրջակայքի բոլոր հայ ընտանիքներին, նշելով, որ միայն միասնական այս ջանքերը հնարավոր դարձրին, որպեսզի իրականություն դառնա ազգանվեր ու հայապահպան այս երազանքը: Պարոն Մանուկյանը սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին.

- Պարոն Մանուկյան, նախ եւ առաջ շնորհավորում ենք, որ համայնքն ունեցավ նման հրաշալի հոգեւոր օջախ: Ունե՞ք արդյոք հոգեւոր հովիվ:

- Մշտական հոգեւոր հովիվ ներկայումս չունենք, սակայն Բեռլինի եւ հյուսիսային Գերմանիայի հոգեւոր հովիվ հոգեշնորհ Տ. Եղիշե Վարդապետ Ավետիսյանը ներկայումս կատարում է մեր եկեղեցական արարողություններն ու ծիսակատարությունները:

- Արդյո՞ք եկեղեցու ձեռքբերմամբ աշխուժացավ հայկական համայնքի կյանքը եւ հայ ընտանիքներում վերահաստատվեցին եկեղեցական ավանդությունները:

- Այո, իհարկե, մկրտությունների ու հարսանեկան ծիսակատարությունների թիվը ավելացավ: Եվ ընդհանրապես, պատարագներին ու համայնքի այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով ժամանում են նաեւ շրջակա քաղաքներում բնակվող հայեր:

- Ինչո՞վ է առանձնանում հայկական համայնքը Ձեր քաղաքի այլ ազգերի համայնքներից:

- Միանշանակ կարող եմ ասել, որ մեր համայնքը շատ սիրված ու ճանաչված է քաղաքի այլ համայնքների կողմից: Օրինակ, ամեն տարի սեպտեմբեր ամսին մեր ակտիվ մասնակցությունն ենք բերում միջմշակութային մեկշաբաթյա տոնական միջոցառումներին: Մեկ շաբաթ շարունակ մենք` հայերս, հանդես ենք գալիս մեր սեփական տաղավարով, որտեղ ներկայացնում ենք մեր ազգային մշակույթը` պարը, արվեստը, խոհանոցը:

- Ի՞նչ աշխատանքներ են տարվում Ձեր համայնքի կողմից սփյուռքում ապրող հայ մանուկներին հայեցի դաստիարակություն տալու համար:

- Մենք ունենք մեկօրյա դպրոց, ուր հաճախում են տարբեր տարիքի երեխաներ: Աշակերտների թիվը առայժմ նվազ է, սակայն հուսով ենք, որ կավելանա: Դասընթացներն անցկացվում են շաբաթ օրը` 3 ժամ տեւողությամբ` հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաներով: Բացի այդ, ընտանիքներով հաճախակի հանդիպում ենք Հայ Տանը, ուր միմյանաց հետ շփվում են թե' երեխաները, եւ թե' նրանց ծնողները:

- Որքանո՞վ են երիտասարդները մասնակից լինում համայնքի մշակութային կյանքին:

- Կա երիտասարդների խումբ, որի անդամները հանդիպում են հաճախակի եւ մասնակցում են համայնքի մշակութային միջոցառումներին: Հուրախություն բոլորիս ունենք ազգային պարի խմբակ, ուր ցավոք առայժմ միայն աղջիկներ են պարում, սակայն խումբը գործում է արդեն երկար տարիներ եւ հաճախ իր ակտիվ մասնակցությունն է բերում մշակութային միջոցառումներին: Ունենք նաեւ ֆուտբոլի խումբ: Տղաները պարբերաբար հանդիպում են եւ մարզվում: Ժամանակ առ ժամանակ մարզական մրցույթներ են անցկացվում Գերմանիայի այլ հայ համայնքների ֆուտբոլի թիմերի հետ: Ունեցել ենք նաեւ հաջողություններ:

- Արդյո՞ք դժվար է Սփյուռքում համայնքի ղեկավար լինել, ստանձնել պարտավորություններ: Ո՞րն է Ձեր համայնքի հաջողությունների բանալին:

- Իհարկե շատ կա մեծ պատասխանատվություն ու դժվարություններ այս ամենի մեջ, բայց նաեւ գիտակցում եմ, որ այս ամենը Սփյուռքում հայապահպանության եւ մեր երեխաներին ազգային գաղափարախոսությամբ դաստիարակելու համար շատ անհրաժեշտ է: Իսկ մեր համայնքի հաջողությունները մեր բոլորի միասնականության ու համախմբվածության ազգանվեր ու եկեղեցաշեն վեհ գաղափարի մեջ է:

- Ի՞նչ կցանկանայիք Ձեր համայնքին:

- Իհարկե կուզենայի, որ համայնքը է'լ ավելի բարգավաճի, եւ է'լ ավելի շատ հայորդիներ սկսեն հաճախել համայնք:

- Շնորհակալություն: Ձեզ բեղմնավոր աշխատանք ենք մաղթում:



Աննա Շավինյան