среда, 21 апреля 2010 г.

Օծուեց Գերմանիայի Հալլէ քաղաքի „Սուրբ Յարութիւն“ հայկական եկեղեցին


Շաբաթ եւ Կիրակի, 17 եւ 18 ապրիլ 2010 թթ. տեղի ունեցաւ Գերմանիայի Հալլէ քաղաքի Սուրբ Յարութիւնհայկական եկեղեցու օրհութեան եւ օծման արարողութիւնը: Օծման արարողութիւնը հանդիսապետեց գերմանահայոց առաջնորդ Տ. Գարեգին Արքեպս. Բեկչեանը` մասնակցութեամբ Երեւանի Պետական Համալսարանի Աստուածաբանական Ֆակուլտետի դեկան Տ. Անուշաւան Եպս. Ժամկոչեանի:

Համաձայն Հայ Եկեղեցու հաստատուած կանոններին սրբազան հայրերի գլխաւորութեամբ, եկեղեցականաց դասն ու ժողովուրդը խմբուեցին եկեղեցու բակում եւ „Բաց մեզ Տէր“ շարականի երգեցողութեամբ կատարուեց Դռնբացէքի արարողութիւն: Այնուհետեւ հոգեւորականաց դասն ու ժողովուրդը մուտք գործեցին եկեղեցի: Սաղմոսների ընթերցանութեամբ եւ շարականների երգակցութեամբ եկեղեցու Սուրբ Խորանը նախ լուացուեց գինով եւ ջրով: Այնուհետեւ զոյգ սրբազանները Սրբալոյս Միւռոնով օծեցին Եկեղեցու սուրբ սեղանը, սիւները, մկրտութեան սուրբ աւազանը եւ սրբանկարները:

Արարողութեան աւարտին առաջնորդ սրբազանը հայերէնով եւ գերմաներէնով իր խօսքն ուղղեց ներկաներին: Գարեգին Սրբազանն իր հոգեկան մեծ ուրախութիւնն արտայատելուց յետոյ շնորհակալական խօսք ուղղեց Հալլէի եւ շրջակայքի ողջ հայութեանը, որոնք թէեւ փոքրաթիւ, այնուհանդերձ ամէն ջանք ներդրեցին, որ ունենան իրենց սեփական եկեղեցին եւ համայնքային կենտրոնը, որոնք էլ այսօր նորոգուած ու բարեզարդուած իր դռներն են բացում հաւատացեալ մեր ժողովրդին: Առաջնորդ Սրբազանը շնորհակալութեան մասնաւոր խօսք ուղղեց համայնքի առաջին հոգեւոր հովիւ Անուշաւան Եպս. Ժամկոչեանին, որն իբրեւ ուսանող հայր սուրբ մեծապէս նպաստեց երիտասարդ այս համայնքի կազմաւորմանն ու կազմակերպմանը: Օծման արարողութեանը բացի Անուշաւան սրբազանից Վեհափառ Հայրապետի տնօրինութեամբ մասնակցում էր նաեւ Տ. Արիստակէս Աբղյ. Այուազեանը, որը նոյնպէս շուրջ երկու տարի եղել է այս համայնքի հոգեւոր հովիւը:

Առաջնորդ Սրբազանը մասնաւորապէս նշեց. „Ժողովրդական խօսքն ասում է` դպրոց մը բացողը բանտի դուռ մը կը գոցէ, իսկ եկեղեցու բացումով կը գոցուին դռներն անհաշտութեան եւ անհամերաշխութեան, չարի եւ անաստուածութեան: Ես կը մաղթեմ, որ մեր ժողովուրդի զաւակներուն համար այս եկեղեցին դառնայ աղօթքի տուն, Աստուծոյ եւ մարդուն հանդիպավայր, բայց նաեւ մեր ինքնութիւնն ու մշակոյթը պահպանելու եւ յաջորդ սերունդներուն փոխանցելու ամուր կռուան ու յենարան“:

Օծման արարողութիւնից յետոյ յարակից համայնքային կենտրոնի մէջ Սաքսոնիա-Անհալթի հայ համայնքի վարչութեան կազմակերպմամբ տեղի ունեցաւ հիւրասիութիւն, որի ընթացքում ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքով հանդէս եկան Գերմանիայում ՀՀ դեսպան պրն. Արմէն Մարտիրոսեանը, Սաքսոնիա-Անհալթ նահանգի կաթողիկէ առաջնորդ Գերհարդ Ֆայգէ եպիսկոպոսը, աւետարանական եկեղեցու երկրամասային առաջնորդ Մարթին Հերշէ եպիսկոպոսը, Հալլէի քաղաքապետուհու ներկայացուցիչ պրն. Թոբիաս Քոգգէն (գլխաւոր քաղաքապետուհի տիկ. Դագմար Սցաբադոսը յարգելի պատճառով չկարողացաւ ներկայ լինել հանդիսութեանը), նահանգային իշխանութիւնների ներկայացուցիչ պրն. Բերնհարդ Բէօնիշը, Սաքսոնիա-Անհալթի միջ-եկեղեցական խորհրդի ատենապետ վերապատուելի Եուրգէն Դիտրիխը:

Բացի վերոյիշեալներից օծման արարողութեանը ներկայ էին նաեւ նահանգային եւ քաղաքային իշխանութիւնների, քոյր եկեղեցիների, ինչպէս նաեւ թեմական եւ գերմանահայ տարբեր համայնքների ներկայացուցիչներ: Ընդունելութեան աւարտին Սերովբէ վրդ. Իսախանեանը գերմանահայոց առաջնորդարանի եւ համայնքի վարչութեան կողմից շնորհակալութիւն յայտնեց բոլորից գերմանահայութեան համար այս երջանիկ ու պատմական իրադարձութիւնը միասին ապրելու եւ վայելելու առիթն ընծայելու համար:

Յաջորդ օրը նորաօծ եկեղեցու մէջ ձեռամբ Տ. Անուշաւան Եպս. Ժամկոչեանի մատուցուեց անդրանիկ սուրբ պատարագը: Քարոզի ընթացքում Անուշաւան սրբազանը նախ ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի հայրական օրհնութիւնները, ապա յայտնեց իր անսահման ուրախութիւնը, որ Աստուած իրեն առիթ ընծայեց այս հիասքանչ առիթով ընկերակից լինելու Գարեգին սրբազանին եւ միասին կատարելու եկեղեցու օծումը եւ նաեւ արժանի դառնալու անդրանիկ սուրբ պատարագը մատուցելու նորաօծ եկեղեցու մէջ:

Յետ սուրբ պատարագի Հալլէ քաղաքի „Մարիթիմ“ հիւրանոցի մէջ համայնքի վարչութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ պաշտօնական ճաշկերոյթ, որին ներկայ գտնուեցին շուրջ երկու հարիւր հրաւիրեալներ: Բացման խօսքով հանդէս եկաւ համայնքի վարչութեան ատենապետ պրն. Յարութիւն Մանուկեանը: Ճաշկերոյթի ընթացքին ասմունքով ու պարերով, ջութակի ու դաշնամուրային կատարումներով հանդէս եկան համայնքի միօրեայ դպրոցի աշակերտներն եւ հայ ուսանողներ:

Եզրափակիչ խօսքից առաջ առաջնորդ սրբազանը Առաջնորդութեան Օրհնութեան Գրերով պատուեց Գերասիմ Բարսեղեան, Համօ Գրիգորեան եւ Լարիսա Թովմասեան անձերը, որոնք իրենց անձնական ու դրամական մեծ մասնակցութիւնն էին բերել եկեղեցու եւ համայնքային կենտրոնի նորոգման աշխատանքներին:

* * *

„Սուրբ Յարութիւն“ եկեղեցին կառուցուել է որպէս գերմանական կաթոլիկ եկեղեցի: Եկեղեցու բացում տեղի է ունեցել 1901 թ. մայիսի 27-ին եւ կոչուել է „Սուրբ Մարիամ“ եկեղեցի: Եկեղեցին աւելի քան 100 տարի ծառայել է Հալլէ քաղաքի Ամմենդորֆ թաղամասի գերմանական-կաթոլիկ համայնքին:

Այս համայնքը 1984 թուականին մերձակայ մի այլ վայրում կառուցել է „Սուրբ Մարիամ“ անունով մի նոր եւ աւելի մեծ եկեղեցի: Դրանից յետոյ հին եկեղեցին վերանուանուել է „Սուրբ Հեդվիգ“ եկեղեցի եւ շուրջ երկու տասնեակ տարի շարունակել է ծառայել որպէս համայնքի աղօթատեղի: 2005 վերջին այն պաշտօնապէս փակուել է:

Մէկ տարի անց Գերմանիայի Հայոց Առաջնորդարանն ու Սաքսոնիա-Անհալթի հայ համայնքը գնել են այս եկեղեցին իր յարակից շինութեամբ: Թէ եկեղեցին եւ թէ յարակից շինութիւնը առաջնորդարանի եւ համայնքի ջանքերով նորոգուել են: Յարակից շինութիւնը ծառայում է որպէս հովուատուն եւ համայնքային հաւաքատեղի: Համայնքի շաբաթօրեայ դպրոցի դասընթացները նոյնպէս տեղի են ունենում այս շէնքում:

Դիւան Առաջնորդարանի

19.04.2010


ՆԿԱՐՆԵՐ ` ՕԾՈՒՄ


ՆԿԱՐՆԵՐ` ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

воскресенье, 11 апреля 2010 г.

Ապրիլի 17-18-ին կօծվի Գերմանիայի Հալլէ քաղաքի «Սուրբ Յարութիւն» հայկական եկեղեցին


Թեեւ հայկական հետքերը Գերմանիայում շատ հին են եւ հասնում են մինչեւ մեր թվարկության սկիզբը, իսկ պատմության ընթացքում հայեր միշտ էլ ապրել եւ գործել են ներկայիս Գերմանիայի տարածքում, այնուհանդերձ այսօրվա գերմանահայ համայնքը համեմատաբար նոր է եւ կազմավորվել է վերջին հիսուն տարիների ընթացքում:

Այսօր Գերմանիայում ապրում է շուրջ 60.000 հայ: Գործում են հայկական հոգեւոր ու աշխարհիկ-մշակութային շուրջ 40 միություններ, որոնք հայապահպանման ու հայակերտման հարցը իրենց կարեւորագույն նպատակներից են համարում:

Այս զանազան միությունների ու համայնքների մեջ առանձնանում է Սաքսոնիա-Անհալտ երկրամասի հայկական համայնքը` կենտրոն ունենալով Հալլե-Զաալե քաղաքը: Համայնքը, որ բաղկացած է նախկին հայաստանցիներից, կազմավորվել է շուրջ 10-12 տարի առաջ: Ունի շուրջ 60 ընտանիք, որոնք համեմատաբար երիտասարդ ընտանիքներ են, որի շնորհիվ էլ քիչ չէ թիվը երիտասարդների եւ երեխաների:

2006 թվականի վերջին հայ համայնքը եզակի առիթ ունեցավ ձեռք բերելու մի փոքրիկ եկեղեցի` հարակից երկհարկանի մի շինությամբ, որն այսօր ծառայում է որպես երիցատուն եւ համայնքային կենտրոն: Եկեղեցին նախկինում պատկանել է գերմանական կաթոլիկ համայնքին, որը սակայն մի քանի տարի առաջ նոր եկեղեցի է կառուցել եւ այս եկեղեցին առաջարկել հայերին: Տեղի հայ համայնքն էլ սեփական ուժերով եւ Գերմանահայոց Առաջնորդարանի նյութական ու բարոյական աջակցությամբ գնել է եկեղեցին: Վերջին երկու տարիների ընթացքում կատարվել են ծավալուն վերականգնողական աշխատանքներ: Փոքրաթիվ հայ համայնքը արել է հնարավոր ամեն բան եկեղեցուն նոր` հայկական, շունչ փոխանցելու համար:

Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո համայնքի մեծամասնության հավանությամբ եկեղեցին որոշվել է վերանվանել «Սուրբ Յարութիւն»: Եկեղեցու համար պատվիրվեցին մի շարք սրբապատկերներ, որոնց մի մասը պատրաստվեց Հայաստանում, մի մասն էլ տեղում` հայ արվեստագետների կողմից: Իրենց շքեղությամբ հատկապես աչքի են ընկնում Ս. Գրիգոր Լուսավորչի, Թադեոս ու Բարդուղիմեոս առաքյալների սրբապատկերները:

Հալլեի «Սուրբ Յարութիւն» եկեղեցու օծումը եւ հանդիսավոր բացումը տեղի կունենա 2010 թվականի ապրիլի 17 եւ 18-ին` ձեռամբ Գերմանիայի Թեմի Առաջնորդ Տ. Գարեգին Արքեպս. Բեքչյանի եւ մասնակցությամբ Երեւանի Պետական Համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպս. Ժամկոչյանի, որը նախկինում եղել է այս համայնքի հոգեւոր հովիվը:

Ըստ Հայ Եկեղեցու կարգ ու կանոնի, Օծման արարողությունը կսկսվի ապրիլի 17-ի երեկոյան: Խորանը նախ կլվացվի եւ կմաքրվի ջրով ու գինով, որից հետո թե խորանը եւ թե եկեղեցու սյուները կօծվեն Սրբալույս Մյուռոնով:

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ նահանգի հայ համայնքի վարչության ատենապետ Հարություն Մանուկյանը եկեղեցու ձեռքբերման համար շնորհակալ է թե Առաջնորդարանին եւ թե Հալլեի ու շրջակայքի բոլոր հայ ընտանիքներին, նշելով, որ միայն միասնական այս ջանքերը հնարավոր դարձրին, որպեսզի իրականություն դառնա ազգանվեր ու հայապահպան այս երազանքը: Պարոն Մանուկյանը սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին.

- Պարոն Մանուկյան, նախ եւ առաջ շնորհավորում ենք, որ համայնքն ունեցավ նման հրաշալի հոգեւոր օջախ: Ունե՞ք արդյոք հոգեւոր հովիվ:

- Մշտական հոգեւոր հովիվ ներկայումս չունենք, սակայն Բեռլինի եւ հյուսիսային Գերմանիայի հոգեւոր հովիվ հոգեշնորհ Տ. Եղիշե Վարդապետ Ավետիսյանը ներկայումս կատարում է մեր եկեղեցական արարողություններն ու ծիսակատարությունները:

- Արդյո՞ք եկեղեցու ձեռքբերմամբ աշխուժացավ հայկական համայնքի կյանքը եւ հայ ընտանիքներում վերահաստատվեցին եկեղեցական ավանդությունները:

- Այո, իհարկե, մկրտությունների ու հարսանեկան ծիսակատարությունների թիվը ավելացավ: Եվ ընդհանրապես, պատարագներին ու համայնքի այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով ժամանում են նաեւ շրջակա քաղաքներում բնակվող հայեր:

- Ինչո՞վ է առանձնանում հայկական համայնքը Ձեր քաղաքի այլ ազգերի համայնքներից:

- Միանշանակ կարող եմ ասել, որ մեր համայնքը շատ սիրված ու ճանաչված է քաղաքի այլ համայնքների կողմից: Օրինակ, ամեն տարի սեպտեմբեր ամսին մեր ակտիվ մասնակցությունն ենք բերում միջմշակութային մեկշաբաթյա տոնական միջոցառումներին: Մեկ շաբաթ շարունակ մենք` հայերս, հանդես ենք գալիս մեր սեփական տաղավարով, որտեղ ներկայացնում ենք մեր ազգային մշակույթը` պարը, արվեստը, խոհանոցը:

- Ի՞նչ աշխատանքներ են տարվում Ձեր համայնքի կողմից սփյուռքում ապրող հայ մանուկներին հայեցի դաստիարակություն տալու համար:

- Մենք ունենք մեկօրյա դպրոց, ուր հաճախում են տարբեր տարիքի երեխաներ: Աշակերտների թիվը առայժմ նվազ է, սակայն հուսով ենք, որ կավելանա: Դասընթացներն անցկացվում են շաբաթ օրը` 3 ժամ տեւողությամբ` հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաներով: Բացի այդ, ընտանիքներով հաճախակի հանդիպում ենք Հայ Տանը, ուր միմյանաց հետ շփվում են թե' երեխաները, եւ թե' նրանց ծնողները:

- Որքանո՞վ են երիտասարդները մասնակից լինում համայնքի մշակութային կյանքին:

- Կա երիտասարդների խումբ, որի անդամները հանդիպում են հաճախակի եւ մասնակցում են համայնքի մշակութային միջոցառումներին: Հուրախություն բոլորիս ունենք ազգային պարի խմբակ, ուր ցավոք առայժմ միայն աղջիկներ են պարում, սակայն խումբը գործում է արդեն երկար տարիներ եւ հաճախ իր ակտիվ մասնակցությունն է բերում մշակութային միջոցառումներին: Ունենք նաեւ ֆուտբոլի խումբ: Տղաները պարբերաբար հանդիպում են եւ մարզվում: Ժամանակ առ ժամանակ մարզական մրցույթներ են անցկացվում Գերմանիայի այլ հայ համայնքների ֆուտբոլի թիմերի հետ: Ունեցել ենք նաեւ հաջողություններ:

- Արդյո՞ք դժվար է Սփյուռքում համայնքի ղեկավար լինել, ստանձնել պարտավորություններ: Ո՞րն է Ձեր համայնքի հաջողությունների բանալին:

- Իհարկե շատ կա մեծ պատասխանատվություն ու դժվարություններ այս ամենի մեջ, բայց նաեւ գիտակցում եմ, որ այս ամենը Սփյուռքում հայապահպանության եւ մեր երեխաներին ազգային գաղափարախոսությամբ դաստիարակելու համար շատ անհրաժեշտ է: Իսկ մեր համայնքի հաջողությունները մեր բոլորի միասնականության ու համախմբվածության ազգանվեր ու եկեղեցաշեն վեհ գաղափարի մեջ է:

- Ի՞նչ կցանկանայիք Ձեր համայնքին:

- Իհարկե կուզենայի, որ համայնքը է'լ ավելի բարգավաճի, եւ է'լ ավելի շատ հայորդիներ սկսեն հաճախել համայնք:

- Շնորհակալություն: Ձեզ բեղմնավոր աշխատանք ենք մաղթում:



Աննա Շավինյան

вторник, 30 марта 2010 г.

Segnung und Weihe der „SURP HARUTYUN“ armenischen Kirche zu Halle



Mit Freude geben wir Euch bekannt, dass am Samstag und Sonntag, 17.-18. April 2010 die Segnung und Weihe der armenischen „Surp Harutyun“ Kirche zu Halle stattfinden wird. Alle sind eingeladen, dieses für die armenische Gemeinschaft in Deutschland große und freudige Ereignis zusammen zu feiern.

Nachstehend sind die Einzelheiten der Feierlichkeiten zu finden:

ZEITPLAN

Samstag, 17. April 2010

um 17.30 Uhr: Weihe der Kirche

um 19.15 Uhr: Segnung des Gemeindehauses und Stehempfang

Sonntag, 18. April 2010

um 10.00 Uhr: Die 1. Hl. Messe in der geweihten Kirche

um 13.00 Uhr: Gemeindeempfang im MARITIM-Hotel zu Halle (Riebeckplatz 4)

Eintritt incl. Empfangsgetränk und 3 Gänge-Menü Festessen

Erwachsene: € 35,-, Jugendliche (14-18 Jahre): € 25,-, Kinder (7-13 Jahre): € 22,-

Die Tickets sind zu bestellen bei:

Harutyun Manukyan, Tel.: 0163/5285249

Rafik Gasparyan, Tel. 0178/5575708

Artjom Petrosyan, Tel.: 0163/4417987

Die Adresse der Kirche:

Alfred-Rheinhardt-Str. 8, 06132 Halle-Ammendorf.


Gemeindevorstand

Օրհնություն եւ Օծում Հալլեի ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ հայկական եկեղեցու


Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 17-ին` շաբաթ օրը, տեղի կունենա Հալլե քաղաքի «Սուրբ Յարութիւն» հայկական եկեղեցու Օծման և բացման արարողությունը, իսկ կիրակի` ապրիլի 18-ին, կմատուցվի Անդրանիկ Պատարագ: Ժամանակացույցը և մանրամասները ներկայացնում ենք ստորև.

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՅՑ

Շաբաթ` 17 Ապրիլ 2010

ժամը 17.30-ին Օծման արարողություն

ժամը 19.15-ին Հայ տան Օրհնություն և ընդունելություն հյուրերի համար

Կիրակի` 18 Ապրիլ 2010

ժամը 10.00-ին Անդրանիկ Սուրբ Պատարագ

ժամը 13.00-ին` Համայնքային Ճաշկերույթ-ընդունելություն Մարիթիմ հյուրանոցում

Ճաշկերույթի մուտքի արժեքը`

Չափահասներ` € 35,-

Պատանիներ (14-18 տրկ.)` € 25,-

Երեխաներ (7-13 տրկ.)` €22,-

Տոմսակները կարող եք պատվիրել մինչև ապրիլի 12-ը` զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով`

Հարություն Մանուկյան 0163/5285249

Ռաֆիկ Գասպարյան 0178/5575708

Արտյոմ Պետրոսյան 0163/4417987


Համայնքի Վարչություն

четверг, 25 марта 2010 г.

Զատկական Պատարագ


Սիրելի հավատացյալներ և բարեկամներ,

Հալլեի հայ համայնքի վարչությունը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու Զատկական Պատարագի արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 3-ին ժամը 16:00-ին, Հալլեի Սուրբ Հարություն եկեղեցում (Alfred-Reinhardt-Str. 8, 06132 Halle/Ammendorf):

Լավագույն բարեմաղթանքներով`


Համայնքի վարչություն


Liebe Gläubige, liebe armenische Freunde, Schwestern und Brüder!

Der Vorstand der Armenischen Gemeinde Sachsen-Anhalt lädt Sie zu dem österlichen Festgottesdienst sehr herzlich ein, der am Samstag den 03.04.2010 in der Armenischen Surp Harutyun Kirche (Alfred-Reinhardt-Str. 8, 06132 Halle/Ammendorf) um 16:00 Uhr stattfinden wird.

Wir würden uns sehr freuen, wenn wir Sie und Ihre Familien begrüßen dürften.

Mit besten Wünschen

Der Vorstand der Armenischen Gemeinde Sachsen-Anhalt



вторник, 23 февраля 2010 г.

ՀՍԿՈՒՄԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱԼԼԵԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ



Սիրելի հավատացյալներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ Մեծ Պահքի ընթացքում (14.02.10-04.04.10) յուրաքանչյուր շաբաթ` ժամը 15:00-ին, Հալլեի Սուրբ Հարություն եկեղեցում տեղի կունենա Հսկումի արարողություն, որից հետո ցանկացողները կարող են մասնակցել հաջորդող կիրակիի խորհրդին նվիրված քննարկում-մեկնաբանությանը:

Բոլորի ներկայությունն ու մասնակցությունը հույժ ցանկալի է:





вторник, 1 декабря 2009 г.

Անդրադարձ




Կոմիտաս վարդապետի ծննդյան 140 ամյակը նշվեց Հալլե քաղաքում


Նոյեմբերի 29-ին, Հալլե քաղաքի Սուրբ Հարություն հայկական եկեղեցում հանդիսավոր կերպով նշվեց մեծն Կոմիտասի ծննդյան 140 ամյակը: Միջոցառումը նախաձեռնել էին Լայպցիգ և Հալլե քաղաքների համալսարանների և կոնսերվատորիայի հայ ուսանողները` աջակցությամբ տեղի հայ համայնքի: Հանդիսության ժամանակ անդրադարձ եղավ կոմպոզիտորի կյանքին ու հայանվեր գործունեությանը, հնչեցին Կոմիտասին ձոնված բանաստեղծություններ: Տպավորիչ էին հատկապես կոմիտասյան մշակումները` Արսեն Ստեփանյանի (ջութակ) կատարմամբ:
Միջոցառումն ավարտվեց Հալլեի հայ համայնքի վարչության ատենապետ Հարություն Մանուկյանի` ուսանողներին ուղղված շնորհակալական խոսքով:
Հանդիսությանը ներկա էին համալսարանի դասախոսներ, հայ և գերմանացի հյուրեր, համայնքի անդամներ և ուսանողներ:

Աղբյուրը` Lusamut.net